"Youth Center for Democratic Initiatives" NGO
English version
Արխիվ
2008
2007
2006
2005



All Different - All Equal
Նորություններ

Հայտարարություն քրեակատարողական հիմնարկների գերբնակեցվածության վերաբերյալ

26.07.2010

Վերջին տարիներին քրեակատարողական համակարգում նկատվում է ազատազրկվածների քանակի կտրուկ աճ՝ վերջին 1 տարվա ընթացքում ազատազրկվածների թիվը աճել է ավելի քան 20%-ով։ Քրեակատարողական հիմնարկները չափազանց գերբնակեցված են։ Մասնավորապես քրեակատարողական համակարգում 2010թ.-ի հուլիսի 1 դրությամ

բ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում էին 4850 մարդ։ Օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 հոգու համար նախատեսված խցում ապրում են երկու անգամ ավելի՝ հաճախ նաև մինչև 20 հոգի։ Մահճակալների քանակը չի բավարարում, որի պատճառով ազատազրկվածները քնում են հերթափոխով՝ մի մասը՝ գիշերը, մյուսը՝ ցերեկը։ Յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին է հասնում 2քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաև միջազգային չափանիշների պետք է հատկացվի առնվազն 4քմ տարածք։ Գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն և կոնֆլիկներ։ Այս պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաև խոշտանգում։

Գերբնակեցման հիմքում ընկած են հետևյալ պատճառները՝ հանցագործությունների թվի աճը, դատարանների կողմից կալանավորում խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը։ Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածները մեկնաբանելիս (անձնական ազատության իրավունք) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և Մարդու իրավունքների կոմիտեն նշել են, որ կալանավորում խափանման միջոցը համարվում է ամենախիստ խափանման միջոցը և կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց, այն դեպքում երբ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և արդարադատության իրականացման բնականոն ընթացքը։ Այլ պատճառներից կարելի է նշել նաև այլընտրանքային պատիժների ոչ բավարար կիրառումը, ինչպես նաև վաղաժամկետ ազատման սակավ կիրառումը։ 2009թ.-ի տվյալների համաձայն վաղաժամկետ ազատվել են այդպիսի հնարավորություն ունեցող դատապարտյալների 14%-ը։ Ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան մշակված համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա վաղաժամկետ ազատման հանձնաժողովները կարող են որոշումներ ընդունել։ Բացի այդ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների անդամները, ներկայացնելով գերատեսչություններ, այդ թվում նաև ուժային, առաջնորդվում են գերատեսչական շահով և սուբյեկտիվ գործոններով։

Մարդու իրավունքների զանգվածային խախտումները քրեակատարողական հիմնարկներում դադարեցնելու նպատակով՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համաներում։

Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայտում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ ենք անում իրավասու մարմիններին միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդրի լուծման ուղղությամբ։
Կոչ ենք անում քրեական վարույթ իրականցնող մարմիններին, դատական իշխանությանը կալանավորում խափանման միջոցը կիրառել ծայրահեղ դեպքերում՝ նախապատվությունը տալով այլընտրանքային խափանման միջոցներին։

Կոչ ենք անում ՀՀ Վճռաբեկ դատարանին հետևողական լինել կալանավորում խափանման միջոցի վերաբերյալ կատարված մեկնաբանությունների (որոնք տրվել են Ասլան Ավետիսյանի գործով)՝ որպես նախադեպ կիրառությանը։

Կոչ ենք անում դատական իշխանությանը ընդլայնել այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկան։
Կոչ ենք անում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ արդարադատության նախարարությանը բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը։

Կոչ ենք անում ՀՀ նախագահին և ՀՀ Ազգային ժողովին ընդունել համաներման որոշում։

Արման Դանիելյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

Միքայել Բաղդասարյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ

Լուսինե Հարությունյան
«Ս. Սանդուխտ կույսի անվան տիկնանց միություն» ՀԿ

Էդմոն Մարուքյան
«Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդակլան կենտրոն» ՀԿ

Լևոն Ներսիսյան
«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ

Ավետիք Իշխանյան
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ԿՀ

Լաուրա Գասպարյան
«Գրիգոր Մագիստրոսի անվան բժիշկների միաբանություն» ՀԿ

Արթուր Սաքունց
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»

Գայանե Շահնազարյան
«Հուսո առագաստ» ՀԿ

Մարատ Դադունց
«Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ

Սուրեն Իսկանդարյան
«Մարդու իրավունքների պաշտպանության երևանյան կենտրոն» ՀԿ

Արայիկ Հարությունյան
«Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ

Գրիգոր Առուստամյան
«Օրենքն և իրավապաշտպանություն» ՀԿ

Թեմիկ Խալափյան
«Տրտու» ՀԿ




ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.06.2010

2010 թ. մայիսի 10-ին ԵՄ Ընդհանուր հարցերով խորհուրդը հաստատեց ԵՄ-ի կողմից Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններ սկսելու հանձնարարականները: Նշվում է, որ ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ առաջընթացը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու սկզբունքների, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա։

Մենք համոզված ենք, որ եվրաինտեգրման քաղաքականությունը ամենանպաստավորն է Հայաստանի` իրապես ժողովրդավար ու բարգավաճ երկիր դառնալու և բաց ու արդարացի հասարակություն կառուցելու տեսանկյունից: Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք այս գործընթացը, քանի որ ասոցացման համաձայնագիրը կարող է համակողմանի ինտեգրման արագ ճանապարհ ապահովել:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ արժեքների և սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների խորացման պայմանը պետք է լինի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության, արդյունավետ կառավարման և արդարադատության ներկայիս վիճակի բարելավումը Հայաստանում: Հարաբերությունների ամրապնդման համար, որոնք ի վերջո կհանգեցնեն եվրոպական արժեքների վրա հիմնված ինտեգրման, անհրաժեշտ են հրատապ և կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն որպես նախապայմաններ և երաշխիք կհանդիսանան այդ իսկ արժեքների նկատմամբ հարգանքի բավարար մակարդակի ապահովման համար: Մենք նաև կոչ ենք անում սահմանել և հրապարակել կոնկրետ չափանիշներ` առաջընթացը գնահատելու նպատակով:

Հայաստանի քաղաքացիական հասարակության համար, որն աշխատում է տարաբնույթ ոլորտներում` ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդյունավետ կառավարման, հետևում ու ուսումնասիրում է ընթացիկ միտումներն և ի հայտ եկող խնդիրները, այն հրատապ և առաջնահերթ գործողությունները, որոնք կառավարությունը պետք է ձեռնարկի ծանրակշիռ և նպաստավոր ինտեգրման գործընթացում ներգրավվելու համար և որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության, ժողովրդավարության և սոցիալական իրավիճակի զարգացմանը, պետք է լինեն հետևյալը.

1. վերականգնել արդարությունն ու արդար դատավարության իրավունքը` անցկացնելով մարտի 1-ի սպանությունների արդյունավետ ու ամբողջական քննություն և ազատ արձակելով քաղաքական բանտարկյալներին:
2. Ձեռնարկել քայլեր օլիգարխիկ կառուցվածքի վերացման և քաղաքականության ու տնտեսության միաձուլման տարանջատման ուղղությամբ` ապահովելով մրցակցային տնտեսության համար անհրաժեշտ նվազագույն մեխանիզմներ: Ապահովել շահերի բախման դեմ պայքարի գործունակ մեխանիզմներ պետական կառավարման բոլոր օղակներում և հատկապես հրատապ կերպով` կառավարման վերին օղակներում:
3. Անհապաղ միջոցներ ձեռնարկել հեռարձակող լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը հանելու ուղղությամբ. ապահովել բազմազանություն լրատվամիջոցների շուկայում` ապահովելով հեռարձակման լիցենզիաների տրամադրման մրցույթների թափանցիկությունը. բարելավել հեռարձակման ոլորտի օրենսդրական դաշտը` ապահովելով կարգավորող մարմինների անկախությունը. ԶԼՄ հանրությանը և քաղաքացիական հասարակությանը մասնակից դարձնել օրենսդրական բարեփոխումների և քաղաքականության ձևավորման գործընթացին` կապված անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցում կատարելու հետ:
4. Ապահովել դատական համակարգի իրական անկախությունը` փոփոխություններ կատարելով դատավորների նշանակման, կառավարման հարցերում, մեծացնելով դատական գործընթացների թափանցիկությունը և անկողմնակալությունը և դատավորներին պատասխանատվության ենթարկելով ապօրինի և մասնագիտական էթիկայի նորմերից չբխող գործողությունների համար:
5. Վերջ տալ ոստիկանության բիրտ գործողությունների և ոստիկանության նախնական պահման վայրերում խոշտանգումների ենթարկելու հետ կապված անպատժելիության մթնոլորտին` հետաքննելով ոստիկանական բռնությունների փաստերը և ոստիկանության նախնական պահման վայրերը հասանելի դարձնելով հասարակական մոնիթորինգի համար:
6. Ապահովել մրցակցային քաղաքական գործընթաց նախքան 2012թ. խորհրդարական ընտրությունները` կանխելով վարչական, լրատվական ու կադրային ռեսուրսների չարաշահումը, բացառել ահաբեկումն ու այլ խախտումները նախընտրական քարոզչության, քվեարկության ու քվեների հաշվման ընթացքում:

Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ
Երևանի մամուլի ակումբ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Խոսքի ազատության պաշտպանության ազատության կոմիտե
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեա – Վանաձոր




Human Rights Watch-ի նամակը ՀՀ գլխավոր դատախազին

28.04.2010

Հարգելի պարոն Հովսեփյան,

Human Rights Watch-ը իր խորին մտահոգությունն է հայտնում 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան կապակցությամբ, որը ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում լուրջ վնասվածք է կրել, եւ կազմակերպությունը հորդորում է Ձեզ իրականացնել մահվան հանգամանքների հիմնավոր, անկախ եւ թափանցիկ հետաքննություն՝ համաձայն Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների:

Ապրիլի 13-ին 1.5 միլիոն դրամի արժողությամբ ապրանքների գողության կասկածանքով Խալաֆյանը եւ հինգ այլ անձինք ձերբակալվել են Չարենցավանում, որը գտնվում է Երեւանից 40 կմ հեռավորության վրա: Ոստիկանությունը հրապարակավ հայտնել է, որ Խալաֆյանը ոստիկանության մայորի գրասենյակից վերցրել է դանակը եւ դանակահարել է ինքն իրեն ստամոքսի հատվածում: Ժամեր անց նա մահացել է հիվանդանոցում:

Կան մտահոգություններ, որ մահվանից առաջ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խոսել է ոստիկանություն բերման ենթարկված տղաներից երկուսի հետ: Այդ երկու անձինք, որոնք ազատ են արձակվել, ասել են, որ հարեւան սենյակում Խալաֆյանի հարցաքննության ընթացքում ձայներ են լսել, ըստ որոնց՝ Խալաֆյանը ենթարկվել է բռնության:

Խալաֆյանի մայրը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ եղել են կտրվածքներ կրծքավանդակի վրա, երկու բաց վնասվածք փորի վրա, ինչպես նաեւ բազմաթիվ կապտուկներ ոտքերին:

Human Rights Watch-ի համար անհնար է հաստատել, թե ինչպես եւ որտեղ է Խալաֆյանը ստացել այդ վնասվածքները, սակայն դա մտահոգություն է առաջացնում, որ Խալաֆյանի նկատմամբ ոստիկանությունում եղել է վատ վերաբերմունք:

Ապրիլի 14-ին լրատվամիջոցների հետ հարցազրույցում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համառորեն հերքում է, որ Վահան Խալաֆյանի նկատմամբ ոստիկանության Չարենցավանի բաժնում բռնություն է կիրառվել եւ նշում է, որ «Խալաֆյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, եւ ոչ մի ոստիկան նրա նկատմամբ ուժ չի կիրառել»: Նա տեղեկացրել է, որ ոստիկանները ուշադիր չեն եղել դանակի նկատմամբ եւ հայտնել է, որ դեպքը կարող էր պատահել ցանկացած այլ վայրում, քանի որ Խալաֆյանը տառապում էր մտավոր խանգարումներով, եւ հենց այդ պատճառով 2005 թ-ին նա ազատվել է զինվորական ծառայությունից: Սարգսյանը նաեւ հայտնել է, որ Խալաֆյանը հանդիսացել է գողություն կատարող խմբի առաջնորդներից մեկը:

Մենք տեղյակ ենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը իրականացնում է Խալաֆյանի մահվան նախաքննություն: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանձն է առել քրեական գործը, որը սկսվել էր ՀՀ ոստիկանության քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «ինքնասպանության հասցնելը»:
Մենք ողջունում ենք քրեական հետաքննության նախաձեռնումը, սակայն մտահոգված ենք, որ Խալաֆյանի դիակի վիճակի վերաբերյալ ոստիկանապետի կողմից արված հայտարարությունները եւ նրան որպես գողություն կատարող խմբի առաջնորդ որակելը կարող են վտանգել հետաքննության անաչառությունն ու անկախությունը:

Մենք հորդորում ենք, որպեսզի ապահովեք ձեր կառույցի կողմից Խալաֆյանի մահվան հանգամանքների անաչառ, հիմնավորված եւ թափանցիկ հետաքննության իրականացումը: Նման հետաքննությունը չի բացառի այն փաստը, որը Խալաֆյանի նկատմամբ ոստիկանությունում եղել է բռնություն: Հետաքննությունը պետք է կարողանա բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով, որին միացել է նաեւ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները պարտավոր են ձերբակալման վայրերում ցանկացած մահվան վերաբերյալ տալ լիարժեք եւ ողջամիտ բացատրություն՝ հիմնված անկախ հետաքննության վրա, որը կսահմանի այն իշխանության պատասխանատվությունը, որի պատասխանատվության տակ գտնվող պահման վայրում տեղի ունեցել է մահվան դեպքը:

Նման հետաքննության անցկացման ձախողումը եւ մեղավորներին պատասխանատվության չենթարկելը կնշանակի Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների խախտում:
Հետաքննությունը պետք է նաեւ պարզի Խալաֆյանին ցուցաբերված բժշկական օգնության արդյունավետությունը եւ թե արդյոք այն համապատասխանել է հնարավոր բարձրագույն չափանիշներին:

Մենք նաեւ խրախուսում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի Խալաֆյանի ընտանիքի իրավունքները հարգվեն: Նրանք իրավունք ունեն մասնակցելու հետաքննությանը եւ համոզված լինելու, որ նրանց շահերը պաշտպանված են:

Այս առումով մենք ողջունում ենք Խալաֆյանի ընտանիքի անդամի մասնակցությունը դատաբժշկական փորձաքննությանը:

Human Rights Watch-ը գրանցել է Հայաստանի ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, որի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Մենք նաեւ տեղյակ ենք, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 2007 թ-ին ոստիկանությունում Լեւոն Ղուլյանի մահվան համար:

Շատ կարեւոր է վերացնել անպատժելիության շղթան հիմնավոր հետաքննության եւ խախտումներ կատարած իրավապահ մարմինների աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու միջոցով:

Շնորհակալություն նման լուրջ հարցի նկատմամբ ուշադրության համար:

Հարգանքներով՝
Հոլի Քարտներ
Եվրոպայի եւ Ասիայի հարցերով բաժնի գործադիր տնօրեն




Իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը

22.02.2010

Մամլո հաղորդագրություն
Փարիզ - ժնև- Երևան, փետրվարի 16, 2010. Իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամի հետ համատեղ ողջունում են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:
Փետրվարի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ կայացրեց Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ և կազմակերպության պաշտոնական կայքէջի լուսանկարիչ պարոն Արշալույս Հակոբյանի նկատմամբ։
2009 թ-ի հունիսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը պարոն Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Կալանքը նրա նկատմամբ հետեւել էր Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իր կողմից դիտորդական առաքելության իրականացմանը։ Ընտրատեղամաս մուտք գործելու մերժման վերաբերյալ բողոք ներկայացնելուց հետո, ոստիկանությունը հրավիրել էր պարոն Արշալույս Հակոբյանին որպես վկա եւ հետագայում ձերբակալել՝ առաջադրելով մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»։ Այդ գործի դատաքննությունը սկսվել է 2009 թ-ի սեպտեմբերի 16-ին։
Հոկտեմբերի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց 4 ամիս կալանքի տակ գտնվող Արշալույս Հակոբյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը փոխարինել Հայաստանից չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից, իսկ դատաքննությունը հետաձգվեց՝ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հիմնավորմամբ։
Մեր կազմակերպությունները ողջունում են Արշալույս Հակոբյանի ազատ արձակումը և շնորհակալություն են հայտնում բոլոր անձանց, կառույցներին և կազմակերպություններին, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հակոբյանի։
Մեր կազմակերպությունները, այնուամենայնիվ, իրենց խորը մտահոգությունն են հայտնում պրն. Արշալույս Հակոբյանի նկատմամբ ձերբակալության ժամանակ դաժան վերաբերմունք գործադրելու կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ և անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ կանգնեցնելով նրանց անկախ և անաչառ դատարանի առաջ և պատժելով օրենքով սահմանված կարգով՝ ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի և Հայաստանի կողմից վավերացված տարածաշրջանային և միջազգային պայմանագրերի համաձայն։

Աղբյուրը` http://hra.am/am/point-of-view/2010/02/16/statement




Հրատապ դիմում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամներին

23.01.2010

Դիմում ենք ձեզ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմի մեջ Ազգային Ժողովի նախագահի կողմից վերջերս պարտադրված փոփոխությունների խնդրով: Այս փոփոխությունները հստակ և կոպիտ կերպով խախտում են ԵԽԽՎ-ի Ընթացակարգային կանոնների 6.2 կանոնի հիմքում դրված սկզբունքները, որոնց համաձայն ազգային խորհրդարանական պատվիրակությունները պետք է կազմված լինեն այնպիսի անդամության կազմով, որը կապահովի իրենց համապատասխան խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչականությունը:

Այս կեղծավոր ձևակերպված փոփոխության վերջնական նպատակը Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ իրական ընդդիմության` միանշանակորեն ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության, որը շարունակաբար մեղադրում է Հայաստանյան իշխանությունների կողմից կատարվող մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շարունակական խախտումների և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության սկզբունքների և օրենքի գերակայության հետագա թուլացման մեջ, ներկայացուցչին զրկելն է ԵԽԽՎ-ում Հայաստանի ժողովրդի իրական մտահագությունները բարձրաձայնելու իրավունքից, զրկել Ժառանգություն կուսակցությանը Հայաստանում իրական իրավիճակի վերաբերյալ ճշմարտության բացահայտման հնարավորությունից: Այս փոփոխությունների հիմնական պատճառն այն փաստն է, որ Ժառանգության կուսակցության ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը ԵԽԽՎ-ի նիստերին, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի հանդիպումներին, և, մասնավորապես, Վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի հանդիպումներին, վտանգավոր էր դառնում Հայաստանյան իշխանությունների համար:

Վերջերս վերաձևավորված հայկական պատվիրակության հավատարմագրերի հնարավոր վավերացումը Վեհաժողովի կողմից ներդրում կունանա միայն Հայաստանի ներսում մարդու իրավունքների դրության առավել վատթարացմանը, և միայն կխրախուսի ու կխորացնի անպատժելիության զգացումը ՀՀ իշխանությունների շրջանում: Սրա առաջին նշաններն արդեն իսկ ակնհայտ են, քանի որ կեղծված ընտրությունների ամենալկտի դեպքերից մեկը, որն ուղեկցվեց լրագրողների, դիտորդների ու վստահված անձանց նկատմամբ բռնություններով, տեղի ունեցավ հունվարի 10-ին, որին հաջորդեց 2010թ. հունվարի 19-ին աչքի ընկնող լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի անարդար դատապարտումը:

Վաթսուն տարի առաջ հիմնադիր պետությունները Եվրոպայի Խորհրդին առաջադրանք վերապահեցին հասնելու իր անդամների միջև ավելի մեծ միասնության` անձնական և քաղաքական ազատությունների և օրենքի գերակայության գաղափարներն ու սկզբունքները պահպանելու և իրագործելու նպատակով, որոնք մեր միասնական ժառանգությունն են և որոնց վրա հիմնված է իրական ժողովրդավարությունը:

Այսօր մենք դիմում ենք ձեզ` պահանջելով մերժել ՀՀ պատվիրակության դեռևս չվավերացված հավատարմագրերը և հստակ ուղերձ հղել ՀՀ իշխանությունների առ այն, որ յուրաքանչյուր նման որոշում, որը կփորձի անարդար կերպով մերժել միակ ընդդիմադիր կուսակցության ձայնը և արդար ներկայացուցչությունը ԵԽԽՎ պաշտոնական պատվիրակության կազմում, խստորեն հակասում է մեր ընդհանուր սկզբունքներից յուրաքանչյուրին, այդ թվում իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այսպիսով, մենք կոչ են անում ԵԽԽՎ-ին հաստատել, որ Եվրախորհրդի համբերությունը սահմանափակ է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող շարունակական ոտնահարումների նկատմամբ և որ ցանկացած հետագա ուշացում ՀՀ ստանձնած հանձնառություններն ու պարտավորություններն իրականացնելու գործում այլևս ընդունելի չէ և հղի է ծանր հետևանքներով:


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասաամբլեայի հայաստանյան կոմիտե
Զարթոնք 89
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Մենք +
Հույս ՀԿ
Փաստաբաններ մարդու իրավունքների համար
Քաղացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Էկոդար ՀԿ
Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական Կենտրոն







© 2005 - 2007 ԺՆԵԿ