Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
28.12.2007
Հարգելի գործընկերներ,
ԺՆԵԿ ՀԿ-ի աշխատակազմի անունից թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ գալիք տոների կապակցությամբ, մաղթել ամենայն հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնություններում:
Լավագույն մաղթանքներով,
«ԺՆԵԿ» ՀԿ
Մարդու իրավունքների միջազգային օր
10.12.2007
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների միջազգային օրն է: Այդ օրը 1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ աշխարհով մեկ հռչակեց մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը և դրանց հարգման անհրաժեշտությունը:
Այս կապակցությամբ ԺՆԵԿ ՀԿ-ն իր շնորհավորական ուղերձն է հղում բոլոր նրանց, ովքեր կիսում են Հռչակագրով ամրագրված արժեքները և ջանք չեն խնայում դրանց հաստատման համար:
Գիտաժողով Հայաստանում
27.11.2007
Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն ՀԿ-ն 2007թ.նոյեմբերի 27-ին մասնակցեց Երևանում “Մարիոթ Արմենիա” հյուրանոցում կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին Մարդու իրավունքների պաշտպանի, ԵԽ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև համագործակցության հեռանկարները: Քննարկումը կազմակերպել էր ՄԱԶԾ-ն` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ: Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ Արդարադատության նախարար Գ. Դանիելյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հ. Մանուկյանը ինչպես նաև դատավորներ, փաստաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, տեղական և միջազգային կազմակերպությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Քննարկման նպատակն էր մարդու իրավունքների ոլորտում գործող շահագրգիռ կազմակերպություններին իրազեկել Մարդու իրավունքների պաշտպանի, ԵԽ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև համագործակցության նոր ձևաչափերի ու հեռանկարների մասին:
Մասնակիցները քննարկեցին եվրոպական կազմակերպությունների և ազգային կառույցների հետ Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները: Ամփոփելով հանդիպումը Արմեն Հարությունյանը ներկայացրեց հետևյալ գործնական առաջարկությունները`
- իրականացնել մանիտորինգ ՀՀ դատական պրակտիկայի վերաբերյալ, որի արդյունքների հիման վրա իրականացնել համեմատական վերլուծություն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ: Նշված վերլուծության հիման վրա մշակել և տրամադրել խորհրդատվական բնույթի առաջարկություններ ՀՀ դատական համակարգի պատասխանատուներին,
- Եվրոպական դատարան հասցեագրված դիմումների վերաբերյալ ներկայացնել ՀՀ Օմբուդսմանի փորձագիտական եզրակացությունը,
- ապահովելով ՀՀ Օմբուդսմանի մասնակցությունը, հաշտության համաձայնագիր շրջանակներում նպաստել պայմանգրի կայացմանը և պատշաճ իրականացմանը,
- ուսումնասիրելով Եվրոպական դատարան հասցեագրված դիմումները առանձնացնել բոլոր այն դիմումները, որոնք ակնհայտ ենթակա չեն քննարկման Եվրոպական դատարանի կողմից:
Հոկտեմբերի 25-ը` Քաղաքացիական արդարադատության եվրոպական օր
15.10.2007
Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ ամբողջ Եվրոպայում արդեն հինգերորդ անգամ հոկտեմբերի 25-ին կտոնեն Քաղաքացիական արդարադատության եվրոպական օրը:
Օրվա նպատակն է ամեն օր անդամ պետությունների կողմից կազմակերպվող միջոցառումներով (բաց դռների օրեր դատարաններում, կոլոքիումներ, հեռուստատեսային ծրագրեր և այլն) առավել լավ տեղեկացնել Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների 800 միլիոն քաղաքացիներին իրեց իրավունքների և արդարադատության մեխանիզմների մասին:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք` www.coe.int/CEPEJ
Ավարտվեց մարդու իրավունքների կրթության ուսուցողական ազգային դասընթացի առաջին փուլը
14.09.2007
Եվրոպայի խորհրդի երիտասարդության և սպորտի հարցերի տնօրինության մարդու իրավունքների կրթության ազգային ուսուցողական ծրագրերի և «Բոլորը` տարբեր, բոլորը` հավասար» համաեվրոպական երիտասարդական քարոզարշավի շրջանակներում Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբարում 2007թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ մարդու իրավունքների կրթության ազգային ուսուցողական դասընթացի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ժամանակ հանդիսավոր կերպով դասընթացի մասնակիցներին հանձնվեց ուսուցողական ծրագրի մասնակցությունը հավաստող վկայականները:
Ծրագրի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 10-ին, որին ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը և Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնի տնօրեն` Անտյա Ռոտեմունդը:
Ծրագրին մասնակցում են 37 ակտիվ երիտասարդ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաքից:
Ծրագիրը նախատեսված է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլը ուսուցողական բուն դասընթացն էր, որի ընթացքում մասնակիցներին մատուցվեցին մարդու իրավունքների կրթության վերաբերյալ գիտելիքներ: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվեց մարդու իրավունքների կրթության «Կողմնացույց» երիտասարդական ձեռնարկի 1-ական օրինակ: Ուսումնական գործընթացում կիրառվեցին ձեռնարկում տեղ գտած բազմաթիվ վարժություններ ու տեսական նյութեր: Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնել սեփական ծրագրերի գաղափարները, քննարկել դրանք գործընկերների հետ և ծանոթանալ ֆինանսավորման հնարավոր աղբյուրների հետ:
Երկրորդ փուլում (2007թ. հոկտեմբեր – 2008թ. Մայիս) մասնակիցները հնարավորություն կստանան իրականացնելու ծրագրեր ուղղված մարդու իրավունքների ուսուցմանը: Մասնակիցների կողմից ներկայացված լավագույն ծրագրերը աջակցություն կստանան նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից:
Ծրագիրն իրականացվում է «Բոլորը` տարբեր, բոլորը` հավասար» քարոզարշավի ազգային կոմիտեի, «Համաշխարհային անկախ երիտասարդական միություն», «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն», «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն», «Թրեյներների ազգային թիմ» և «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպություններիկողմից:
Հոդվածին վերաբերվող նկարները նայելու համար սեղմեք այս կոճակներին:



Մարդու Իրավունքների Ուսուցման Ազգային Դասընթաց Վանաձոր, Հայաստան սեպտեմբերի 10-14
09.08.2007
Եվրոպայի խորհրդի Երիտասարդության և սպորտի հարցերի Տնօրինության Մարդու Իրավունքների Կրթության /ՄԻԿ/ ծրագրի ազգային ուսուցողական ծրագրերի շրջանակներում Հայաստանում սույն թվականի սեպտեմբերի 10-14-ը կկայանա մարդու իրավունքների կրթության ազգային ուսուցողական ծրագիրը:
Հայաստանում 2006 թվականի դեկտեմբերին լույս է ընծայվել «Կողմնացույց»` Մարդու իրավունքների կրթության երիտասարդական ձեռնարկի հայերեն թարգմանությունը: Այն հնարավորություն է տալիս մարդու իրավունքների կրթությունը հասանելի դարձնել բոլոր հետաքրքրված կառույցների` հասարակական կազմակերպությունների, միջնակարգ և բարձրագույն կրթական հաստատություների, ինչպես նաև անհատների համար: Ծրագրի ընթացքում կօգտագործվեն ձեռնարկի վարժություններն ու տեսական նյութերը:
Ծրագիրը իրականություն է դարձել «Բոլորը` տարբեր, բոլորը` հավասար» քարոզարշավի ազգային կոմիտեի, «Համաշխարհային անկախ երիտասարդական միություն», «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն», «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն», «Թրեյներների ազգային թիմ» և «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյուքում ու ջանքերով:
Դասընթացը իրականացվում է «Բոլորը` տարբեր, բոլորը` հավասար» համաեվրոպական երիտասարդական քարոզարշավի շրջանակներում:
Դասընթացի մասնակցության հայտաձևը կարող եք բեռնել այստեղից: Լրացված հայտաձևերը ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը հետևյալ էլ-փոստի հասցեով hre.training@gmail.com
Հոդվածին կցագրված է 1 ֆայլ:
Բեռնավորելու(download) համար սեղմեք նրանց վրա:
21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդությունը
13.07.2007
Հուլիսի 9-10 Երևանում տեղի ունեցավ «21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդությունը» Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովը, որը կազմակերպել էր «Համաշխարհային հայկական կոնգրեսը»` իր անդամ երիտասարդական կառույցներին միավորող «Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի» առաջարկությամբ: Խորհրդաժողովին մասնակցում էին 250 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին տարբեր երիտասարդական միջազգային կազմակերպություններ աշխարհի 25 պետություններից: Խորհրդաժողովի ժամանակ բացի 21-րդ դարի մարտահրավերների և հայ երիտասարդության դերի մասին զեկուցումներից, առանձնացված էին նաև 5 աշխատանքային խմբեր, որոնց աշխատանքներին ակտիվորեն մասնակցեցին ԺՆԵԿ ՀԿ պատվիրակության անդամները: Խորհրդաժողովի աշխատանքների արդյունքում ընդունվեց հռչակագիր:
ԺՆԵԿ ՀԿ-ն հանդիսանում է «Համաշխարհային հայկական կոնգրեսի» «Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի» հիմնադիր անդամ:
Հոդվածին վերաբերվող նկարները նայելու համար սեղմեք այս կոճակներին:


Կայացավ ԺՆԵԿ ՀԿ ընդհանուր ժողովը
06.07.2007
Հուլիսի 6-ին կայացավ ԺՆԵԿ ՀԿ անդամների ընդհանուր ժողովը, որը հրավիրվել էր կազմակերպության խորհրդի որոշմամբ: Ընդհանուր ժողովին ելույթներով և զեկուցումներով հանդես եկան կազմակերպության բաժինների ղեկավարները, իսկ կատարված աշխատանքների և ընդհանուր գործունեության հաշվետվությամբ` կազմակերպության նախագահը: Ժողովի մասնակիցների կողմից կարևորվեց կազմակերպության նոր (2007-2009թթ.) ռազմավարությունը և հանձնարարվեց նոր ընտրված նախագահին և խորհրդի անդամներին ջանք չխնայել ռազմավարական նպատակներին հասնելուն ուղղված աշխատանքների իրականացման գործընթացում: Ձայների բացարձակ մեծամասնությամբ, 2 տարի ժամկետով ընտրվեցին կազմակերպության խորհրդի նոր անդամները և ղեկավար մարմինները: ԺՆԵԿ ՀԿ նախագահ ընտրվեց Տաթևիկ Մատինյանը, որն էլ իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ժողովի մասնակիցներին ցուցաբերված վստահության համար, ապա հավաստիացրեց, որ գալիք երկու տարիները լինելու են կազմակերպության հզորացման տարիներ:
20.06.2007
Հունիսի 19-ին «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, համագործակցելով «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի հետ, Վանաձոր քաղաքում կազմակերպեց վերապատրաստման դասընթաց` «Մասնակցային ժողովրդավարության զարգացում. տեղական կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցում էին «ԺՆԵԿ» ՀԿ անդամներ և Վանաձորի ակտիվ երիտասարդներ` հետագայում համայնքային քննարկումներ կազմակերպելու նպատակով:
«Մասնակցային ժողովրդավարության զարգացում. տեղական կարողությունների հզորացում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից: Ծրագրի շրջանակներում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի Լոռու մարզի գործընկերն է «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն:
ՀՀ ոստիկանության ՁՊՎ–ներում հասարակական դիտորդների խմբի նախկին անդամների հայտարարությունը
04.06.2007
Մենք, ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի նախկին նախագահ Էդմոն Մարուքյանը և նախագահի տեղակալ Միքայել Բաղդասարյանը, սույնով հայտարարում ենք, որ ՀՀ ոստիկանությունը, չցանկանալով դրսևորել իրական կամք ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն սահմանելու, մարդու իրավունքների խախտման դեպքերը նախականխելու և բացահայտելու, պահվող անձանց կենցաղային պայմանները բարելավելու և հասարակությանը ՁՊՎ-ների հիմնախնդիրների մասին իրազեկելու գործում, փաստորեն ձգտում է դիտորդական խումբը վերածել ձևական կառույցի: Սրա ապացույցն ու հիմնավորումն էր օրեր առաջ ստացված այն տեղեկությունը, ըստ որի ՀՀ ոստիկանապետի հրամանով դադարեցվել է մեր անդամությունը դիտորդական խմբում:
Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խումբը ս.թ. ապրիլի 17-ին հրապարակեց իր առաջին տարեկան հաշվետվությունը ոստիկանության ՁՊՎ-ների իրական պատկերի վերաբերյալ, որն աննախադեպ էր իր տեսակի մեջ և որի պատրաստման գործում ունեցել ենք զգալի ներդրում: ՀՀ ոստիկանությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք հանդիսանում ենք նաև ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում (ՔԿՀ) հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, նախ տարեսկզբին փոփոխություն կատարեց խմբի գործունեության կարգի մեջ, որով արգելեց ոստիկանության դիտորդական խմբի մեջ այլ դիտորդական խմբերի անդամների ընդգրկումը, այնուհետև, խախտելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, հետադարձ ուժ տվեց իր իսկ հրամանով նախկինում կատարված փոփոխությանը և դրա հիման վրա հեռացրեց մեզ դիտորդական խմբից:
Ի դեպ, մինչ օրս, դիտորդական խումբը չի ստացել նշված երկու հրամանների գրավոր քաղվածքները: Այդ իսկ պատճառով հայտարարության տեքստում բացակայում են դրանց ստույգ ամսաթվերն ու գրանցման համարները:
Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ ոստիկանության պետի 2006թ. մարտի 10-ի թիվ 368 հրամանի` մենք ներգրավված էինք դիտորդական խմբում 3 տարի ժամկետով և 2006թ. հոկտեմբերի 29-ին ընտրվել էինք մեր պաշտոններում անդամների մեծամասնության կողմից: Սույնով դատապարտում ենք ՀՀ ոստիկանության նման գործելաոճը և հայտարարում, որ պատրաստվում ենք դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, իսկ հրամանի իրավականությունը վիճարկելու ենք դատարանում: Հավելենք, որ նախագահի պաշտոնում նորից վերընտրվել է խմբի նախկին նախագահը՝ ոստիկանության նախկին գնդապետ, «Իրավապահների միություն» բարեգործական հ/կ ներկայացուցիչ։
Դիտորդական խմբի կարգի և գործունեության մասին հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը կարող եք ստանալ խմբի պաշտոնական ինտերնետային կայքից` www.policemonitor.am հասցեով:
Էդմոն Մարուքյան, «Մեդիա Գրուպ» լրատվական ՀԿ
Միքայել Բաղդասարյան, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ
«Սկսել ա…» երիտասարդական շարժումը Վանաձորում
21.04.2007
Ապրիլի 20-ին Լոռու մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում հյուրընկալվել էին «Սկսել ա…» երիտասարդական շարժման ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրեցին «Սկսել ա…» շարժման կողմից Երևանում կազմակերպված ակցիաներն ու քարոզարշավները, ինչպես նաև պատասխանեցին երիտասարդների հարցերին: Վերջում մասնակիցների և «Սկսել ա…» շարժման ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ քարոզարշավներ և ակցիաներ կազմակերպել նաև Վանաձորում տեղական կարևոր խնդիրների բարձրացման նպատակով:
Մանրամասն տեղեկություններ «Սկսել ա…» շարժման մասին կարող եք ստան www.sksela.info կայքից:
ԻՐԱՎԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2007
30.03.2007
2006թ. ավարտին մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, ձեռնարկել են "Իրավական նախաձեռնություն, ընտրություններ 2007" ՀԿ-ների համագործակցությունը, որի հիմնական նպատակն է անվճար իրավաբանական խորհրդատվության և պաշտպանության տրամադրումը գալիք ընտրությունների բոլոր փուլերի ընթացքում: Այն կիրականացվի կազմակերպությունների արդեն իսկ ձևավորված ցանցի, և մարզային տարբեր ստորաբաժանումների ու կառույցների միջոցով, ինչպես նաև համագործակցել ցանկացող այլ կազմակերպությունների ու քաղաքացիների աջակցությամբ: Իրավաբանական օգնության տրամադրումը կիրականացվի թեժ գծի միջոցով: Անվճար հիմունքներով հանրապետության ողջ տարածքում գործող թեժ գծի հեռախոսահամարը կծառայի որպես խորհրդատվական և ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման հարմար միջոց:
Թեժ գիծը կգործի սույն թվականի ապրիլի 1–ից մինչև հունիսի 1–ը։
080–080–804
Հիմնադիր ՀԿ-ների ցանկ
1. "Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն"
2. "Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն"
3. Գյումրիի "Պրոգրես" համալսարանի իրավաբանական կլինիկա
4. "Իրավունքի և ազատության կենտրոն"
5. "Մխիթար Գոշ" համալսարանի իրավաբանական կլինիկա
6. Գավառի Պետական համալսարանի իրավաբանական կլինիկա
7. "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ"
8. "Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն"
9. "Ընդդեմ իրավական կամայականության"
10. "Երիտասարդություն հանուն ժողովրդավարության"
11. "Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա, Հայաստան"
12. "Համագործակցություն հանուն ժողովրդավարության"
13. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
29.03.2007
Մարտի 29-ին «ԺՆԵԿ» ՀԿ-ն «Քաղաքացիական վերահսկողություն ի պաշտպանություն մարդու իրավունքների» ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում` նվիրված ձերբակալված և կալանավորված անձանց հիմնախնդիրներին և նրանց իրավունքների պաշտպանությանը: Կլոր սեղանին մասնակցում էին Վանաձոր քաղաքում գործող փաստաբաններ, հասարակական իրավապաշտպան կազմակերպություններ և ԶԼՄ-ներ:
Կլոր սեղանի ընթացքում` ծրագրի ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց ծրագրի ձեռքբերումները և հետագա քայլերը, ինչպես նաև կարևորեց իրավապաշտպան կազմակերպությունների և փաստաբանների դերը ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության գործում:
Կլոր սեղան-քննարկման հաջորդ բանախոս, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար` Արթուր Սաքունցի զեկույցը նվիրված էր ձերբակալված և կալանավորված անձանց հիմնախնդիրներին: Նա նաև ողջունեց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենքի բացումը:
Կլոր սեղան-քննարկման մասնակիցները կարևորեցին իրավապաշտպան կազմակերպությունների, փաստաբանների և ԶԼՄ-ների միջև տեղեկատվության փոխանակումը, որին հետևեց ակտիվ քննարկում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների համակարգված պաշտպանության վերաբերյալ:
Երիտասարդությունը և ընտրությունները…
19.03.2007
2007թ. մարտի 17-ին ԺՆԵԿ ՀԿ-ի խորհրդի անդամ և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար` Էդմոն Մարուքյանը հյուրընկալվել էր Ալավերդի քաղաքի «Անկյուն +3» հեռուստաընկերության կողմից պատրաստված «Նախընտրական Լոռի» հաղորդմանը: Հաղորդման ընթացքում ԺՆԵԿ ՀԿ-ի ներկայացուցիչը խոսեց նախընտրական գործընթացներում երիտասարդության դերի և ներգրավվածության մասին: Պարոն Մարուքյանը ներկայացրեց նաև գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում ԺՆԵԿ ՀԿ-ի կողմից իրականացվող գործողությունները: Մասնավորապես, նշվեց, որ ԺՆԵԿ ՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է «Իրավական նախաձեռնություն – Ընտրություններ 2007» քաղաքացիական ցանցի ստեղծման և իրավական աջակցության տրամադրման աշխատանքներում:
Հոդվածին վերաբերվող նկարները նայելու համար սեղմեք այս կոճակներին:

Հակածխախոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում
28.02.2007
2007թ. փետրվարի 28-ին «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից, «Հակածխախոտային գործողությունների շարք Վանաձոր քաղաքում» ծրագրի շրջանակներում, կազմակերպվեց երկրորդ կլոր սեղան քննարկումը:
Կլոր սեղանի նպատակն էր վանաձորյան շահագրգիռ հասարակական կազմակերպություններին ներկայացնել վերոհիշյալ ծրագրի ընթացիկ արդյունքները և քննարկել հետագա գործողությունները` մասնավորապես «Հասարակական կազմակերպությունների հակածխախոտային կոալիցիայի» ձևավորումը:
Կլոր սեղանին մասնակցում էին Վանաձորում գործող ակտիվ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հասարակական կազմակերպություններին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում` «Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի» միջոցով և նպատակ ունի բարձրացնել հանրային տեղեկացվածությունը «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի պահանջների ու սահմանափակումների վերաբերյալ:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
երկարաժամկետ արդյունավետության խնդիրը.
Եվրոպայի խորհուրդը քայլեր է ձեռնարկում
20.02.2007
ԵԽ Նախարարների կոմիտեն կայացրել է որոշումների առաջին շարքը` իրենց հանգուցալուծմանը սպասող դատական գործերի կապակցությամբ (2006թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված մոտ 89 000 հայցադիմում):
Հիմք ընդունելով Իմաստունների խմբի ներկայացրած հաշվետվությունը` Նախարարների տեղակալները`
- առաջարկեցին Խորհրդարանական վեհաժողովին, Մարդու իրավունքների հանձնակատարին, Գլխավոր քարտուղարին և Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեին` մասնակցել Իմաստունների խմբի առաջարկությունների վերաբերյալ քննարկումներին,
- ողջունեցին 2007թ. մարտի 22-23-ին Սան Մարինոյում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագա զարգացումներին նվիրված հանդիպում անցկացնելու գաղափարը` որպես եվրոպական մակարդակում առավել ընդգրկուն և համակողմանի դատական լսումներ անցկացնելու մեկնարկ,
- կոչ արեցին անդամ պետություններին համապատասխան քննարկումներ նախաձեռնել ներպետական մակարդակում,
- համաձայնեցին կարծիքների փոխանակման լույսի ներքո վերսկսել այս խնդրի քննարկումը 2007թ. մայիսին կայանալիք իրենց 117-րդ նախարարական նստաշրջանին` նպատակ ունենալով մշակել երկարաժամկետ բարեփոխում իրականացնելու նախնական ուղենիշներ, ինչը հնարավոր կդարձնի համակարգի արդյունավետ գործունեությունը։
ՄԻԵԿ-ի Թիվ 14 արձանագրության ուժի մեջ մտնելը Իմաստունների խմբի առաջարկած բարեփոխումների նախապայման է։ ԵԽԽՎ Թիվ 1756 (2006) հանձնարարականին ի պատասխան Նախարարների կոմիտեն շեշտում է, որ խիստ ցավալի և լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ Ռուսաստանի Դուման չի վավերացրել ՄԻԵԿ 14-րդ արձանագրությունը, չնայած որ բոլոր անդամ պետությունները դրա իրականացումը երաշխավորելու վճռականություն էին արտահայտել Վարշավայի գագաթաժողովում։ Չնայած այս լուրջ արգելքին, ինչի արագ հաղթահարման համար Ռուսաստանին է դիմել Նախարարների կոմիտեն, վերջինս կշարունակի բարձր կարևորություն վերապահել մարդու իրավունքների պաշտպանության Կոնվենցիայով ամրագրված համակարգի ամրապնդմանը։
HUMAN RIGHTS WATCH-Ը ԱՆԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
12.01.2007
«2006 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը քիչ ջանք է գործադրել` մարդու իրավունքների էական խախտումները կանխելու ուղղությամբ», - 2007թ. հունվարի 11-ին հրապարակված զեկույցում արձանագրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Զեկույցի հեղինակներն անդրադառնում են մի շարք խնդիրների, մասնավորապես, փաստում են, որ «մամուլի ազատության սպառնալիքները շարունակվել են և ավելացել է բռնությունների ու ճնշումների ենթարկված լրագրողների թիվը, էլեկտրոնային լրատվամիջոցները դեռ իշխանությունների հսկողության տակ են և աչքի են ընկնում բազմակարծության պակասով»: «Շարունակվում են բռնությունները նաև կալանավայրերում, բանակում և ոստիկանության բաժանմունքներում», - գրում են զեկույցի հեղինակները: Հատուկ կետով փորձագետներն անդրադարձել են նաև սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերին: Զեկույցում հիշատակվում է նաև Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանի պաշտոնանկության փաստը:
Հոդվածին կցագրված է 1 ֆայլ:
Բեռնավորելու(download) համար սեղմեք նրանց վրա: